📍Ես այս վայրը մշակութային համալիր կանվանեի։ Դեռ մուտքից կարելի է նկատել ստեղծագործական մտքի և երևակայության հետաքրքիր լուծումներ՝ քանդակների, դեկորատիվ իրերի և տարածքի պլանավորման առումով։
✅️ Ընդհանուր համալիրը աչքի է ընկնում կանաչապատ տարածքներով։ Հատկապես աչքի են շոյում շենքերը գրկած բաղեղների առատությունը։ Կարելի է ժամերով շրջել և գրեթե յուրաքանչյուր անկյունում ինչ-որ հետաքրքիր ու անսովոր բան գտնել։
📍Տարածքում կան պատկերասրահներ, այդ թվում՝ մանկական, ինչպես նաև հուշանվերների խանութ, որտեղ կարելի է գտնել բազմաթիվ ձեռքի աշխատանքներ՝ զարդեր, կտավներ, գորգեր, շարֆեր, կիսաթանկարժեք քարեր, սպասք և այլն։ Գները հիմնականում միջին և/կամ բարձր։
✅️ Բակում և վերին հարկում ռեստորանի գոտիներն են, որտեղ կարելի է ոչ միայն ճաշել, այլև շարունակել ուսումնասիրել շրջակայքում տեղադրված արվեստի գործերը։
🙂 Համալիրի կենտրոնում փոքրիկ ջրավազան կա, որի մեջ կարելի է նկատել մետաղադրամներ (երազանք պահեք նետելուց առաջ😉)։
✅️ Մի հատվածում, արդեն ծածկի տակ գտնվող ներառական աշխատատեղերով ռեստորանն է, որտեղ ներկայացված են 80-90-ականների հայկական կենցաղին բնորոշ տարբեր պարագաներ, այդ թվում՝ գյուղական կյանքի գործիքների բավական լայն տեսականի։ Ներքևի հատվածում ներկայացված է նաև գինու տեսականի։ Այստեղ նույնիսկ սեղանների ձևավորման մեջ է ստեղծագործական մոտեցում նկատվում։
✅️ Դրսում կարելի է տեսնել հնում հացաթխման ժամանակ օգտագործվող գործիքների և պարագաների երդիկով մի փոքրիկ անկյուն։
✅️ Առանձին հատվածում ստեղծված է լվացված սպիտակեղենի չորացման տեսարան։ Բակում կա նաև հին աղբյուրի քարե օրինակ։ Իմ այցելության ժամանակ այստեղ գործում էր նաև թատերական խմբակը։
✅️ Այցելեցի նաև կավագործության և լավաշի թխման վարպետաց դասերի գոտիները։ Դրանց արժեքը համապատասխանաբար 1500 և 3000 դրամ է։ Առաջարկվում են նաև այլ վարպետաց դասեր, որոնց մասին կարելի է նախապես ճշտել։
✅️ Ավելի խորքում կա թանգարանի համար նախատեսված սրահ, որի մուտքի տոմսը 2000 դրամ է։ Առկա է նաև զբոսավարի ծառայություն՝ 500 դրամ մեկ անձի համար։
✅️ Տարածքի աշխատակիցները հիմնականում բարեհամբույր են և, ամենակարևորը, չճնշող։ Կարելի է ազատ շրջել, առանց շտապելու ուսումնասիրել տարածքը ու ժամանակի մեջ կարծես հետ գնալ։
❌️ Տարածքում երկու սանհանգույց նկատեցի։ Ցավոք, դրանցից մեկում ջուր չկար, ինչն առաջացրեց որոշակի անհարմարություն։
✅️ Հաճելի լրացում էր նաև բակում և ռեստորանի հատվածում հնչող երաժշտությունը՝ հին ու նոր հայկական ժողովրդական երգերը, որոնք ավելի էին ընդգծում հայկական կոլորիտը։
✅️ Ընդհանուր տպավորություններս դրական են։ Կարծում եմ՝ սա այն վայրերից է, որտեղ կարելի է ոչ միայն զբոսնել կամ ճաշել, այլև արվեստի միջոցով զգալ հայկական մշակույթի ու կենցաղի տարբեր շերտերը ժամանակի մեջ։ Վայրը կարող է հետաքրքրել տարբեր տարիքային խմբերի՝ անկախ ազգային պատկանելիությունից։